Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել` Թատրոն Կայարան անվամբ

Ամենադիտվածներ

Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել` Թատրոն Կայարան անվամբ

Հայաստանում նոր մասնավոր թատրոն է հիմնադրվել, որը կոչվում է «Թատրոն Կայարան»: Այն գործելու է Տիգրան Մեծ 80\1 հասցեում՝ Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ գտնվող մշակույթի նախկին տան շենքում։

Նոր թատրոնի հիմնադիրներն ու գաղափարի հեղինակները դերասաններ Արթուր Պետրոսյանն ու Կարապետ Քարաջյանն են:

Շուրջ 15 հոգանոց (9-ը դերասաններ են) անձնակազմը սկզբնական շրջանում աշխատում է կամավոր սկզբունքով՝ առանց վճարի. առաջնային նպատակը ոչ թե գումար վաստակելն է, այլ թատրոն ստեղծելը:

Այս մասին Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց թատրոնի համահիմնադիր, դերասան Արթուր Պետրոսյանը:

«Թատրոն Կայարան»-ը դեռ չունի հստակ ձեւավորված թատերախումբ, առայժմ տարբեր դերասաններ են, որոնց մի մասը զբաղվածություն ունի պետական այլ թատրոններում: Նաև կան անձինք, որոնք ժամանակին աշխատել են այլ թատրոններում, սակայն հանգամանքների բերումով դուրս են եկել:

«Գաղափարը 2018 թվականից է առաջացել. ստեղծել մասնավոր թատրոն, որը մշակութային կյանքն իր ուրույն ձեռագրով ավելի կթարմացնի»,- ասաց Պետրոսյանը:

Թե ինչո՞ւ են ընտրել «Թատրոն Կայարան» անվանումը, Արթուր Պետրոսյանը նշեց. «Քանի որ անվանումն արդեն իսկ կոլորիտային է, դրա համար ենք ընտրել դա: Նաեւ նպատակն է, որ Կայարանը դիտարկվի ոչ միայն որպես շուկա կամ Ղարսի խորովածի տեղ, այլ նաեւ դառնա մշակութային կենտրոն, հիմնականում՝ մարզերից եկողների համար: Մարզից եկողը գնացքից կամ երթուղայինից իջնի, իմանա, որ մշակույթը հենց այդտեղից է սկսվում»:

Սակայն Կայարանը միայն վայրի անունը չէ, այն նաեւ կանգառ իմաստն ունի, քանի որ թատրոնը լինելու է նաեւ շրջիկ, այսինքն՝ այն վայրը, որտեղ կանգ կառնի թատրոնի անձնակազմն ու կխաղա հերթական ներկայացումը, կլինի «Թատրոն Կայարան»-ը: Ըստ Արթուր Պետրոսյանի՝ հիմնական շեշտը դնելու են մարզեր եւ սահմանամերձ գյուղեր այցելությունների վրա։

Նորաստեղծ թատրոնն արդեն ունի ֆեյսբուքյան իր էջը, տարբերանշանը՝ դիմակներ եւ տասներկու ռելսեր են պատկերված, որը, Արթուր Պետրոսյանի մեկնաբանմամբ, խորհրդանշում է այն, որ տարին 12 ամիս թատրոնը գործելու է:

Մեկնարկի համար որոշել են խաղալ «Ճպուռն ու մրջյունը» ներկայացումը: Դեկտեմբերի 23-30-ը ներկայացումը կխաղան մանուկների համար: «Քանի որ նախատոնական այս շրջանում նորաստեղծ թատրոն ավելի հեշտ կբերեինք մանուկներին՝ իրենց ծնողների հետ միասին, ուստի որոշեցինք մանկական ներկայացմամբ սկսել»,- նկատեց դերասանը:

Տոմսերի համար սահմանված է մեկ գին, որը վերաբերում է բոլոր նստատեղերին: Արժեքը 1000 դրամ է: Այս գինը, իհարկե, հետագայում կվերանայվի, շատ հավանական է, որ համապատասխանեցվի երեւանյան մյուս թատրոնների տոմսերի գների հետ:

Արթուր Պետրոսյանը հույս ունի՝ առաջիկայում կարողանալու են այնքան հաջողություններ գրանցել, որ մրցելու են տեղի լավագույն պետական թատրոնների հետ:

Ինչ վերաբերում է հիմնական դերասանական խմբի ձեւավորմանը, Պետրոսյանն ասաց. «Դա կլինի տարիների ընթացքում: Մեզ առնվազն 5 տարի պետք է, որ հասկանանք, թե ովքեր ու քանի հոգի են կարողանում միասին աշխատել եւ նորմալ արտադրանք մատուցել»:

Բեմադրությունների համար «Թատրոն Կայարան»-ը մտադիր է վերցնել ժամանակակից պիեսները, ցանկություն կա նաեւ վերաբեմադրելու արդեն հայտնի գործեր: «Մեծ տեղ ենք տալու բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ երջանկահիշատակ Վիգեն Ստեփանյանի գործերին»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով՝ չի բացառվում, որ թատրոնն առաջիկայում անվանվի հենց Վիգեն Ստեփանյանի անունով:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ