ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում գեղեցկության շքերթ էր: Հաստատությունում նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել` մանկատան սաների և արհեստավարժ մոդելների մասնակցությամբ:
Նորաձևության ցուցադրությունը կազմակերպել էին մանկատան տնօրինությունը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և «Միսս Հայաստան ազգային գործակալության» գործադիր տնօրեն Մամիկոն Դանիելյանը:
«Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, սակայն մինչ այդ, երբ նրանք դեռևս ընտանիքներից դուրս են, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ներառված զգան հասարակական բոլոր միջոցառումներում»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են նորաձևության կենտրոնի մոդելավորած հագուստները:
Մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` հագուստի ցուցադրության նման ձևաչափ ընտրելու և հաստատության սաներին կազմակերպչական և ցուցադրության հետ կապված աշխատանքներում ներգրավվելու համար:
«Միսս Հայաստան ազգային գործակալության» մոդելները, որոնց թվում էր նաև Միսս Հայաստան 2019 Հայկուհի Մաթևոսյանը, ցուցադրությանը մասնակցող երեխաներին շնորհել են մի շարք տիտողսներ` «Հմայք», «Ժպիտ», «Բարություն» և այլն:
Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից: