fbpx
Սպորտ

Նունու Գոմեշը այցելել է Ծիծեռնակաբերդ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշը: Հայտնի ֆուտբոլիստը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:

«Հայաստանում եմ մասնավոր այցով՝ ընկերոջս հրավերով: Ուրախ եմ ևս մեկ անգամ լինելու այստեղ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Այստեղ ունենալու եմ հանդիպում «Ֆիդ Քոնստրակտ» կազմակերպության հետ: Նախաձեռնվում է համագործակցություն Պորտուգալիայի լիգայի հետ:

Այցիս մյուս նպատակը Հայաստանում ընթացող մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հետևելն է: Այստեղ եղել եմ նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմով, եթե չեմ սխալվում 2006 թվականին:

Հայաստանի մասին շատ չգիտեմ, բայց ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ. մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, բարի: Հայերն ու պորտուգալացիները նման են: Տեսնում եմ, որ երկիրը ծաղկում է, պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, ինչն ինձ համար ամենակարևորն է: Նկատում եմ նաև, որ զարգանում է հայկական ֆուտբոլը: Տաղանդավոր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներ ունեք: Շատ կարևոր է մեծ ուշադրություն և աջակցություն ցուցաբերել մանկապատանեկան ֆուտբոլին, որպեսզի հետագայում ուժեղ ազգային հավաքական ունենալ»,- ասաց Նունու Գոմեշը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը եղբոր հետ է ժամանել Հայաստան: Ծիծեռնակաբերդ այցելությունն իր նախաձեռնությունն է:

«Լսելով հայերի պատմության մասին, ուզեցի այցելել այս հուշահամալիր: Շատ կարևոր է ունենալ այսպիսի հուշահամալիր, կարևոր է, որ մարդիկ այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Ինձ համար խորհրդանշական է այցելել այս հուշահամալիր և հարգել զոհվածների հիշատակը»,- նշեց անվանի ֆուտբոլիստը:

Նունու Գոմեշը հուլիսի 17-ին ներկա կգտնվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա – Իսպանիա խաղին:

«Ունենք մինչև 19 տարեկանների ուժեղ հավաքական: Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք դուրս գալ կիսաեզրափակիչ, նույնիսկ եզրափակիչ: Այդ առումով այսօրվա խաղը շատ կարևոր է մեր հավաքականի համար»,- շեշտեց Նունու Գոմեշն ու ավելացրեց:

«Հայկական ֆուտբոլի մասին խոսելիս չես կարող չխոսել Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա միանշանակ Հայաստանի ամենալավ ֆուտբոլիստն է: Ես գիտեմ նաև Պորտուգալիայում հանդես եկած Գևորգ Ղազարյանին, նաև ինձ շատ է դուր գալիս Բրազիլիայում ծնված Մարկոս Պիզելին: Նորից կնշեմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման հիմքում մանկապատանեկան ֆուտբոլն է»:

Նունու Գոմեշը շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտւմ և գրառում կատարեց հուշերի մատյանում:

«Գրեցի, որ շատ կարևոր է նման թանգարան-ինստիտուտ ունենալ, որպեսզի միշտ հիշել՝ ինչ է եղել: Նման ոճրագործություն պետք է երբեք այլևս չկրկնվի: Մարդիկ պետք է այցելեն այստեղ, ծանոթանան պատմությանը, կարդան, սովորեն, որպեսզի այլևս սխալներ թույլ չտան և նման բաներ մարդկության հետ չկրկնվի: Երբեք չպետք է մոռացվի, թե ինչ է եղել հայերի հետ այդ թվականին: Սա մարդկության համար օրինակ է, որ իրենց սխալների վրա սովորելով երբեք թույլ չտան այսպիսի բաներ:

Ես զերծ կմնամ որևէ քաղաքական մեկնաբանությունից, քանի որ երբեք չեմ առնչվել ու հետաքրքրվել քաղաքականությամբ. ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից: Բայց այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, շատ ցավալի է: Պետք է չմոռանալ ու այցելել թանգարան, հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»։

Աղբյուրը՝ sport.news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ