fbpx
Աշխարհ

Նուր-Սուլթանում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձևաչափով:

Ritz Carlton հյուրանոցում ընթանում են մասնակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի (Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների), ինչպես նաև պաշտոնական Դամասկոսի, սիրիական ընդդիմության և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի երկկողմ և եռակողմ փակ հանդիպումները:

Նոր փուլն սկսվել է Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպմամբ: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Իրանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական Ալի Ասքար Հաջին, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը: Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել նաև Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության, Հորդանանի՝ որպես դիտորդ երկրի պատվիրակությունները:

«Աստանայի» 12-րդ փուլը կավարտվի ուրբաթ՝ ապրիլի 26-ին: Այդ օրը կկայանա լիագումար նիստ և կընդունվի բանակցությունների ամփոփիչ փաստաթուղթը:

Հիմնական հարցերը, որոնք հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել բանակցությունների ընթացքում, Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումն է, որն ընթանում է արդեն ավելի քան մեկ տարի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով` կավարտվի մոտ ժամանակներս, ինչպես նաևբանակցությունների այս ձևաչափին նոր երկրների ներգրավումը և Սիրիայի հյուսիս-արևմուտքի Իդլիբի նահանգում ահաբեկիչների հարցի լուծումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ