Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Մի բան շատ կարևոր է իմանալ ու հիշել:
Քարոզչությունը չի լինում երբեք միագիծ:
Նույն կենտրոնից ղեկավարվող քարոզչությունը կարող է միաժամանակ կամ ըստ իրավիճակի տարածել առաջին հայացքից իրար լրիվ հակադիր թեզեր, բայց որոնք բոլորն էլ ուղղված են մեկ նպատակի:
Այսպես, միևնույն կենտրոնից վերջին օրերին միաժամանակ տարածվել և տարածվում են հետևյալ իրար հակասող լուրերը, թեզերը, տրամադրությունները.
1. Պատերազմն ուր որ է ավարտվելու է, հաստատ գիտենք ամսի էսինչին վերջանալու է, կամ՝ հրադադար է լինելու, հրադադար է պետք, բանակցություններ են պետք: Պահը օրհասական է, օր առաջ պետք է բանակցել:
Ընդ որում, եթե հրադադար հաստատվի, այս նույն քարոզչական կենտրոնը տարածելու է հակադիրը՝ «չթողին տղերքն առաջ գնան», բայց արդեն իր տրամադրության տակ եղած այլ ֆիգուրների շուրթերով:
2. Մյուս կողմից՝ խփեք դրանց նավթամուղներին, Բաքվին, Իսկանդերը հանեք, որքան կարելի է, կոտորվանք, վերացանք:
Իրականությունն այն է, որ մեր բանակը կարողանում է իր խնդիրը լուծել ճակատում՝ առանց այդ ծայրահեղ միջոցների: Իսկ դա շատերին ձեռք չի տալիս, որովհետև հարմար առիթ չի տալիս միջազգային միջամտության: Իսկ արտաքին միջամտության լավագույն առիթը՝ պատերազմի էսկալացիան է՝ մինչև «խփենք նավթամուղին, հետո թուրքերը խփեն Երևանին, ատոմակայանին վտանգ» մակարդակ: Արտաքին միջամտության իդեալական առիթ:
3. Սարսափում են այն մտքից իսկ, որ ասում ենք՝ քանի որ պատերազմի սուբյեկտն ավելի շատ Թուրքիան է, քան Ադրբեջանը, ուրեմն կարող է Թուրքիայի հետ էլ վերջում բանակցենք: Իհարկե, այդ բանակցությունը դեռ տեսություն է, քանզի դեռ չկա անհրաժեշտ ռազմական արդյունքը: բայց միայն միտքը սարսափեցնում է քարոզչության տերերին: Ինչի՞: Որովհետև Հայաստանն ազատ է դառնում ինքնուրույն բանակցել ում հետ կուզի՝ հենվելով իր հաղթանակի վրա: Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ՝ բոլորի:
Հայաստանը մի մակարդակ կարող է բարձրացնել իր անկախությունը:
4. Չզարմանաք, բայց նաև Գետաշենի գրավման լուրերն այս նույն կենտրոնից էին տարածվում: Բոլոր թեմաներն իրենք պետք է վերահսկեն: Ե՛վ՝ պարտվողական, և՛ ուռա-հայրենասիրական: Միջանկյալ նպատակը՝ հոգեբանության վրա ազդելն է: Լուրը տարածվում է, հետո չի հաստատվում, ստեղծվում է հոգեբանական անկում: Բացի այդ՝ շեղում է բուն խնդրից՝ պաշտպանություն թշնամու հարձակումից: Իսկ ստրատեգիապես՝ եթե կնքվում է հրադադար, որին հենց իրենք էլ հիմա ձգտում են, ապա՝ «Գետաշենը գրավում եինք, չթողին» թեման պատրաստ է:
Կետերը կարելի է շարունակել….
Թեմաներն, ինչպես տեսնում եք իրար հակասող են, բայց նպատակը նույնն է՝ հայի արյամբ, քրտինոքով, մտքով, ոգով նվաճվող հաղթանակի քաղաքական հետևանքները չեզոքացնել, պղտորել, խլել մեր ձեռքից»:
https://www.facebook.com/ustahrant/posts/10224004264118677?__cft__%5B0%5D=AZU6RkNiSfuxTVmP_VFbqgRMlQVT1wkIRdJYbLguQSVORzNzCoIgDIeGX4-k8EtxY47n3TnaqA0KLXWqZDD7CX_ceIhG_cdyxc0gquAgTsQ4kUgG9Uy6RQGLHQpnp3TT5us&__tn__=%2CO%2CP-R