fbpx
Հայաստան

Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է ուրիշ գործի շրջանակներում. Իվետա Տոնոյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ՀՀ ԱԱԾ շենքի մոտ լրագրողներին հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով իրենց բոլոր գործառույթներն իրացնելու են:

«Այն բոլոր գործիքակազմը, որը մեզ տրված է արտակարգ դրության պայմաններում, մենք իրացնելու ենք վստահաբար»,- նշել է Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյանը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված՝ ՀՀ ԱԺ քվեարկությանը։ Պատգամավորը նշել է, որ դա ևս մեկ անգամ փաստեց իմքայլականների բարոյալքության սահմանը, «շրիշակից էլ ցածր մակարդակի վրա գտնվող իրավիճակը»:

«Արտակարգ դրության պայմաններում ԲՀԿ-ն որևէ դեպքում հանրահավաքներ իրականացնելու հայտարարությամբ հանդես չի գալու, և այս օրերին մեր համաքաղաքացիները, մեր համակիրները պարզապես ինքնաբուխ եկել էին այստեղ իրենց բարոյական աջակցությունը պարոն Ծառուկյանին ցույց տալու համար: Մենք որևէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության առողջությունը, բայց և որևէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտությունն իրականացնելու համար»,- ասել է Իվետա Տոնոյանը։

Այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ 28 հոգի է անցնում քրեական գործով և հարցին՝ մանրամասներ կարո՞ղ է տրամադրել, Իվետա Տոնոյանը պատասխանել է, որ այդպիսի մանրամասների չի տիրապետում: Մյուս հարցին՝ իսկ ընտանիքի անդամներից այլ անձինք հարցաքննվե՞լ են, նա պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանն է հարցաքննվել ուրիշ գործի շրջանակներում: Ծանուցում է ստացել հարցաքննության մասնակցելու մասին հենց նույն օրը, երբ պարոն Ծառուկյանը հրավիրվել էր ԱԱԾ հարցաքննության»:

Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Նվեր Ծառուկյանը երկրում է: Հարցին՝ ի՞նչ քրեական գործով է անցնում Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանն այսպես պատասխանեց. «Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի գրասենյակներից մեկից առգրավված՝ Վազգեն Պողոսյանի անվան հետ կապված այս թղթի կտորի քրեական գործին: Այդ թուղթն անգամ փաստաթուղթ չենք համարում, քանի որ բացարձակ որևէ իրավական ուժ չունի: Դա այն թուղթն է, որն իշխանության անմիջական նախաձեռնությամբ և դատախազական ու իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում հայտնվել էր իշխանական ուժի ներկայացուցիչ պատգամավորների, նախարարների ձեռքում, որը մեծ հրճվանքով հրապարակում էին: Խոսքը այդ քրեական գործին է վերաբերում. մտացածին ընտրակաշառքի բաժանման հետ կապված»: Հարցին՝ ո՞րն է ձեր ուժի՝ վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մենք վարչապետի պաշտոնի համար չէ, որ պայքարում ենք, վարչապետի դեմ չէ, որ պայքարում ենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ