fbpx
Աշխարհ

Պանկիսի կիրճում երեկ բնակիչների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 20 մարդ է տուժել

Երեկ բախումներ են տեղի ունեցել Վրաստանի տարածքի Պանկիսի կիրճի չեչեն բնակչության և Վրաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների միջև։ Բախումների հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել։

Պանկիսի կիրճի մեծամասամբ չեչեն բնակչությունը բողոքում է հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ, իսկ իշխանությունները պնդում են՝ ընկերությունը, որը պետք է կառուցի այդ ՀԷԿ-ն, ունի բոլոր թույլտվությունները։

Պանկիսի կիրճի բնակչությունը կոչ է անում իշխանություններին՝ ծանոթանալ փորձագետների եզրակացություններին։ Իշխանությունները, սակայն, իրենցն են պնդում։

Դուիսի գյուղի բնակիչները փակել էին ճանապարհները և այն վայրը, որտեղ պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։

Բողոքի այս ակցիան վերածվել է լուրջ բախումների բնակչության և ոստիկանության միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործել են քարեր, պայթուցիկ նյութերով շշեր, իսկ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը՝ ռետինե փափմուշտներ և արցունքաբեր գազ։

Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել միայն երբ դեպքի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։

Բնակիչներն ասում են, թե պատրաստ են նույնիսկ զոհվել, բայց թույլ չեն տա, որ այստեղ կառուցվի հիդրոէլեկտրակայան։ Նրանց կարծիքով՝ ՀԷԿ-ի կառուցման հետևանքով Պանկիսի կիրճի գյուղերի բնակիչները կարող են զրկվել խմելու ջրից։

Հիշեցնենք՝ Պանկիսի կիրճը ռուս-վրացական սահմանին է, և այնտեղ մեծամասամբ ապրում են չեչեններ, իսկ չեչենական երկու պատերազմների ժամանակ այստեղ էին թաքնվում չեչեն հրամանատարները, այդ թվում՝ հայտնի Ռուսլան Գելաևը։ Պանկիսի կիրճը պարբերաբար հայտնվում էր ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ