fbpx
Հասարակություն

Քրիստինեն և Արշավիրն օգնության կարիք ունեն՝ ամբողջությամբ այրված տունը վերականգնելու համար

«Խնդրում եմ բարի մարդկանց, բարերարներին օգնեն և աջակցեն։ Խնդրում եմ տարածեք։ Մեր ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր դրության մեջ»,-այս խոսքերով Azat TV մեդիանախաձեռնությանը դիմեց տան տիկին՝ Քրիստինե Կնաջյանը։

Ապրիլի 16-ին խոշոր հրդեհը մոխրի էր վերածել նրանց տունը, որտեղ բնակվում էին հինգ հոգանոց ընտանիքով։ Սիմոն Երևանցի փողոցում գտնվող տունն ամբողջությամբ այրված է կահույքի, տեխնիկայի, փաստաթղթերի հետ միասին։ Նրանք դարձել են անօթևան, երկու անչափահաս երեխաների հետ միասին։

«Այրվել է ամբողջ տունը, մեզ թողնելով բաց երկնքի տակ։ Խնդրում եմ Ձեր աջակցությունը, որպեսզի վերականգնվի տունը։ Առանց աջակցության չեմ կարող վերականգնել տունը։ Ընտանիքով գիշերում ենք հարևանների տանը»,-ասեց Քրիստինեն։

Նա հավելեց, որ դիմել են և՛ Երևանի քաղաքապետարանին, և՛ Կառավարությանը, սակայն երկու տեղից էլ պատասխանել էին, որ համապատասխան միջոցներ չունեն, որպեսզի օգնեն տունը վերականգնել։ Նշեց, որ միայն թաղապետարանից են ասել, որ օգնություն կտան՝ շինանյութով կօգնեն, որպեսզի տունը վերականգնվի, սակայն մինչև հիմա սպասում են։

Ըստ Կնաջյանի, իրենց դեռևս պարզ չէ, թե ինչից էր սկսվել հրդեհը՝ սպասում են փորձաքննության արդյունքներին։ Իրենց սփոփանքն է մնացել այն, որ իրենցից ոչ ոք չի վնասվել հրդեհից, քանի որ հասցրել են լքել այրվող տունը։

Ինչպես տեղեկացրել էր ԱԻՆ-ը, դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքմանխումբը: Նրանց հաջողվել էր հրդեհը մեկուսացնել, սակայն այրվել էր տան տանիքը (12 քմ), ննջասենյակն ամբողջությամբ` գույքով (12 քմ), միջանցքը (8 քմ) և մասամբ հյուրասենյակը` գույքով (20 քմ):

Նրանք նախահաշիվ են կազմել և առաջնայինը կարևորում են տանիքի վերականգնումը, որպեսզի մնացած աշխատանքներն իրականացնելն իմաստ ունենա։

Աջակցելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել մեզ հետ՝ գրելով Azat TV-ի ֆեյսբուքի էջին կամ էլեկտրոնային հասցեին՝ info@azat.tv, որպեսզի տրամադրենք նրանց կոնտակտային տվյալները։ Նրանց կարող եք օգնել գումարով, շինանյութով, գույքով և այլ միջոցներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ