fbpx
Աշխարհ

Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, լրագրող Բարըշ Յարքադաշը մամուլի և լրագրողների իրավունքների վերաբերյալ հերթական ամենամսյա զեկույցն է հրապարակել։ «2019թ․ օգոստոսը լրագրողների համար «ամենաշոգ օգոստոսներից մեկն էր․ ճնշումները, ձերբակալություններն ու գրաքննությունը անպակաս էին», – գրել է հեղինակը։

Յարքադաշը արձանագրել է, որ մարտի 31-ի և հունիսի 23-ի ընտրություններից հետո թուրքական մամուլի նկատմամբ ճնշումները նկատելիորեն ավելացել են։ Նման պարագայում նախկին պատգամավորը տարակուսելի է համարել մամուլի ազատության մասին նախագահ Էրդողանի լավատեսական հայտարարությունները․ «Էրդողանը այդ ի՞նչ մամուլի ազատության մասին է խոսում։ Լրագրողները շնչել չեն կարողանում։ Մամուլում ոչ թե վարդագույն, այլ սև պատկեր ունենք», – գրել է Յարքադաշն իր զեկույցում։

Անդրադառնալով «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմի հարցին, ով արդեն 428 օր գտնվում է Էդիրնեի բանտում, նախկին պատգամավորը գրել է․ «Այն վերաբերմունքը, որին արժանացել է «Karşı» թերթի գլխավոր խմբագիր Էրեն Էրդեմը, ակնհայտ արտացոլում է Թուրքիայում լրագրողների նկամամբ ընդհանուր վերաբերմունքը։ Էրեն Էրդեմը լրագրողների դեմ կիառվող խնդիրների արտապատկերումն է», – գրում է հեղինակը։

Յարքադաշը ընդգծել է, որ նախորդ ամիս դատական որոշմամբ արգելվել է թուրքական մամուլում և սոցցանցերի թուրքական տիրույթում 2 թեմայի վերաբերյալ շուրջ 700 լուրի հրապարակումը և դրանց հետ կապված մեկնաբանությունների տարածումը։

Զեկույցի համաձայն՝ օգոստոսի ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 12 լրագրող, իսկ ընդհանուր առմամբ այս ամսվա դրությամբ առնվազն 145 լրագրող գտնվում է բանտերում։ Օգոստոսին երկու լրատվակայքի դեմ հետաքննություն է սկսվել, մեկ լրագրողի դեմ դատական գործ է հարուցվել, 2 լրագրող հարձակման և ծեծի է ենթարկվել։ Կրպակներից և գրախանութներից հետ են կանչվել մի շարք գրքեր ու ամսագրեր, դրանց վաճառքն արգելվել է։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ