fbpx
ՏՏ

Ճապոնիայի փորձը մեր համար օրինակելի կարող է լինել․ ԲՏԱ նախարարը՝ դեսպանին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքից։

«Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Ճապոնիայի տնտեսական հաջողություններին, որոնցում առանձնահատուկ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով, Հայաստանի տնտեսության առաջընթացի, մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համատեքստում, Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի կարող է լինել։ Խոսելով երկու երկրների միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ Վահագն Խաչատուրյանն առանձնացրել է հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացները։ Նախարարը շեշտել է, որ Ճապոնիան թվային արդյունավետությամբ աշխարհում առաջատարներից է, և այս ոլորտում արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան։

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նշել, որ Հայաստանը՝ որպես գործընկեր, շատ կարևոր երկիր է Ճապոնիայի համար։ Ֆուկուսիմա Մասանորին կարևորել է տնտեսական կապերի՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը, երիտասարդների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բազմաթիվ ռեսուրսներ կան, և ճապոնական կողմը համագործակցության մի շարք հնարավորություններ է տեսնում մեր երկրում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ 2022 թվականին ճապոնացի փորձագետների խումբը կաշխատի մեր մասնագետների հետ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ