fbpx
Քաղաքականություն

Օրվա հրամայական է հստակ ձևակերպել տեղեկատվական և կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի ազգային շահը․ Անժելա Խաչատրյան


Azat TV մեդիանախաձեռնությունը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ: Հիշեցնենք,որ Ներկայումս ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շուրջ քննարկումներ կառավարության անդամների, քաղաքական ուժերի, քաղհասարակության և մի շարք այլ շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչների հետ:

Օրերս Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցած Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքային հանդիպմանն եք մասնակցել: Կխնդրենք տալ Ձեր մեկնաբանությունն ու գնահատականը այդ գործընթացի վերաբերյալ:

Ինչպես գիտեք շաբաթներ առաջ Անվտանգության խորհուրդը սկսել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթաց և նոր ռազմավարությւան մշակման աշխատանքային խումբը հանդիպումների շարք է սկսել կառավարության անդամների, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, նաև հասարակության տարբեր շերտերի հետ: Կարծում եմ ֆորմատը ճիշտ է ընտրված, քանզի Ազգային անվտանգության ռազմավարությունն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք է քննարկվի հասարակության բոլոր շերտերի հետ և պետք է լինի կոնսենսուսային, մանրազնին մշակված և ներառական փաստաթուղթ:

Նշեմ, որ դեռևս աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվում է փաստաթղթի այսպես կոչված կմախքը և այս քննարկում-հանդիպումների նպատակն էլ հենց կարծիքներ առաջարկներ լսելն է և աշխատանքային խմբի կողմից փաստաթղթին միս ու արյուն տալն է: Նախատեսվում է պատրաստ փաստաթուղթ ունենալ այս տարվա դեկտեմբերին:

 Ի՞նչ առաջարկություններ ունի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Ինչպես նշեցի՝ դեռևս հայեցակարգը չկա, կան միայն առանձնացված գլուխներ, կարևոր ոլորտներ, որոնց վերաբերյալ էլ արդեն հստակ մոտեցումները պետք է շարադրվեն աշխատանքային հանդիպումների առաջին փուլի ավարտից հետո: Ռազմավարության մշակմամբ զբաղվող խմբի հետ աշխատանքներն իրականացնելու ֆորմատն հետևյալն է՝ երբ լինի նախագիծը, այն կներկայացվի շահագրգիռ կողմերին և արդեն կընդունվի առաջարկների փաթեթը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջարկների փաթեթը մենք կներկայացնենք ռազմավարության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբին և, բնականաբար, կհրապարակենք: Ինչ վերաբերում է նախնական քննարկումների ընթացքում մեր կողմից հնչեցված առաջարկներին, նշեմ, որ մեր համար կարևոր է, որ ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթությունների թվում պարտադիր տեղ գտնի ինքնիշխանությունը, քանզի դա ամրագրված է նաև մեր Սահմանադրությամբ, ինչպես նաև մեր պետության առջև ծառացած մարտահրավերների պարագայում ինքնիշխանության իրավամբ գիտակցումն ու պահպանումը կարևորագույն և առաջնային բաղադրիչներից է: Մեզ համար նաև առանցքային է, որպեսզի ազգային անվտանգության ռազմավարության մեջ տեղ գտնի տեղեկատվական և կիբերանվտանգության ապահովման հստակ մոտեցումներ, քանզի նախկին՝ 2007 թվականին ընդունված ռազմավարության մեջ այդ դրույթը բացակայում էր, ինչը տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում անընդունելի և մեծ բաց է ցանկացած պետության համար: 21-րդ դարում չունենալ տեղեկատվական և կիբերանվտանգության ռազմավարություն, դա նույնն է, թե մերկ և անպաշտպան դուրս գալ կիբերտարածք: Օրվա հրամայական է հստակ ձևակերպել տեղեկատվական ոլորտում Հայաստանի ազգային շահը և սահմանել սպառնացող վտանգները և ողջունելի է, որ նոր ռազմավարության մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը դա ևս կարևորում է և որպես ոլորտային առջնահերթություն դա ևս ներառված է ռազմավարության նախագծում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ