Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և եթե մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունն այդ մարդկանց տրվի»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ովքեր հասկացան իր ելույթը, հասկացան նաև իր մտահոգությունները:
«Բայց քանի որ ինձ համառորեն ինչ-որ դասեր են տալիս, ես պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել. ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար զապաս 40 հատ ունեմ, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները որ թվից են մտել ուժի մեջ:
Երբ անընդհատ շահարկվում է «նոր Հայաստան», «ժողովուրդ», «նոր Հայաստանում կոռուպցիոն դեպքեր չկան և չեն կարող լինել», ինձ հիշեցրեք, որ մի քանի օր առաջ էլ բռնեցին Նոր Հայաստանի բարձրադիր պաշտոնյաների, սա ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է նոր Հայաստանում է»,-ասաց նա:
Պատգամավորը առաջարկեց մի կողմ դնել մենտորական տոնը, ամբիոնը չօգտագործել չճշտված տեղեկություններ, հայտարարություններ անելու համար, որոնք, ըստ նրա, ուղղակի հիմնազուրկ են:
«Ունեի մտահոգություններ, քանի որ նախորդ իշխանության ժամանակ այդ նվիրատվությունները շատ դեպքերում փոշիացվել են, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել ողջամիտ մտահոգություններ, կասկածներ հայտնել այս ամբիոնից: Իսկ, տիկին Ղազարյան, Ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացեք»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։