Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Անցյալ տարի Գորիսի դիրքերում 3 զինծառայողի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Արգիշտի Քյարամյանի գլխավորած քննչական կոմիտեն, ոչ թե քննություն է կատարել, այլ մեղադրյալ է նշանակել, անպատմելի խայտառակ քննություն։ 3 զինծառայողի սպանությունը դրել են մի զինվորի վրա, ով չի կատարել, ով սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից է և խեղճ, ընդ որում, ըստ քննիչների սցենարի, այս զինվորին բռնաբարել են, նա էլ սպանել է երեքին։ սակայն փորձագետները հերքել են սեռական բռնությունը։ Հիմա կարող եք պատկերացնել, թե ինչպես են ոչնչացրել, նվաստացրել այս զինվորին և ոչ միայն նրան, այլև նրա ընտանիքին։ Ծնողներն այցելել են մեր կազմակերպություն։ Հայրը խոցված արժանապատվությամբ, ձեռքերը կոշտուկներով պատած, համոզմունքով, որ իր որդին չէ հանցագործը, նա խոսել էր որդու հետ և մեզանից օգնություն էր ակնկալում։ բայց ինչպես օգնես զինվորին, ինչպես ազատես նրանց անպատիժ հրամանատարների և Քննչական կոմիտեի ճիրաններից։ Խեղճ զինվորը բանակում ցածր կարգավիճակ ունի և նրա վրա կարող են բարդել ինչ ասես։ Սա բանակում գողական բարքերի տրամաբանությունն է, որին մաս է կազմում նաև քննչական կոմիտեն։ Հանրությանն այդպես էլ մութ մնաց Քյարամյանի առեղծվածը, թե ինչու էին Քյարամյանին ամենատարբեր պաշտոննեըր բաժանում, որ արժանիքների համար։ Մեզ չեն ասում։ Վերջերս էլ ՀՀ նախագահը նրան շնորհեց Արդարադատության երրորդ դասի խորհրդականի կարգավիճակ։ Ինչու։ Ըստ էության, Քյարամյանն աշխատում է զինվորի ու բանակի դեմ։ Ինչպես կարելի էր չբացահայտել այս արտառոց դեպքը՝ 3 զինվորի սպանությունը և սրան գումարած մեկ այլ զինվորի էլ տանել կործանման։Ինչպես են հանդուրժում բանակի ղեկավարությունն ու գերագույն գլխավոր հրամանատարը այս արտակարգ իրավիճակը»։