Եվրահանգրվան

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ նախկին ղեկավարներին և մյուս հայերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և Ադրբեջանում պահվող մյուս բոլոր հայերին։

Բանաձևում խստորեն դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի և քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, ընդգծելով նրանց անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Վեհաժողովն ընդգծել է, որ շարունակելու է հետևել Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների իրավիճակին՝ վերահաստատելով նրանց ազատ արձակման իր կոչը։

Բանաձևում արտացոլված են նաև խորը մտահոգություններ Ադրբեջանի ժողովրդավարական ընթացակարգերի հետընթացի, օրենքի գերակայության խախտումների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման վերաբերյալ։ ԵԽԽՎ-ն խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել հետապնդումները և ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորվել են քաղաքական պատճառներով։

Բանաձևում նշվում է նաև, որ Ադրբեջանի 2024 թվականի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ժողովրդավարական չափանիշներին՝ անցկացնելով խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների պայմաններում։

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, որոնց թվում են Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչները, որոնք ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Բաքվում այս օրերին շարունակվում են հայ ռազմագերիների և նախկին պաշտոնյաների դատավարությունները, որոնք հայ իրավապաշտպաններն ու միջազգային կազմակերպությունները համարում են շինծու և քաղաքական հաշվեհարդարի մաս։

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հետախուզական տվյալները վկայում են, որ Ադրբեջանում դատավարությունների ընթացքում կիրառվում են արգելված մեթոդներ՝ հայ կալանավորված անձանցից ցուցմունքներ կորզելու նպատակով, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ միջազգային հարթակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ