Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը․
«Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց Սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։
Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի ընտրությունը՝ կալանավորումը չի կարող որևէ կերպ կապվել նախագահի գործառութային անձեռնմխելիության հետ, մանավանդ որ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը քրեական հետապնդման տակ է ու կարող է խոչընդոտել դատաքննությանը, իսկ իրականում՝ արդեն իսկ քանի ամիս խոչընդոտում է»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: