Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի և Ուկրաինայի ԵՄ ներկայացուցչությունների համատեղ ջանքերով, իսկ ցուցահանդեսը հյուրընկալել է Չեխիայի պատգամավոր Մարկետա Գրեգորովան։
Բրյուսելում կազմակերպված միջոցառման ընթացքում Մարկետա Գրեգորովան նշել է, որ Փարաջանովը նշանակալի մշակութային ժառանգություն է ողջ Հարավային Կովկասի և արևելյան հարևանների համար։ «Հաճախ, երբ խոսքը գնում է անվտանգության մասին, մենք կենտրոնանում ենք սահմանների վրա։ Մինչդեռ սա լավ առիթ է հիշելու նաև մշակութային ժառանգության ու դրա պահպանման կարևորության մասին», – ասել է Գրեգորովան։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ շնորհակալություն հայտնելով «Կանաչների» խմբակցությանն ու Մարկետա Գրեգորովային՝ ցուցահանդեսը հյուրընկալելու համար։ Բալայանը շեշտել է, որ ցուցահանդեսում ցուցադրված աշխատանքները հազվադեպ են հանրությանը հայտնի և մեծ արժեք ունեն մշակութային ժառանգության պահպանման գործում։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Երևանում Փարաջանովի տուն-թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նմուշները տրամադրելու համար։
Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանը Հայաստանի նախաձեռնությամբ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում 2024-2025 թվականների համար։ Ուկրաինայի ԵՄ ներկայացուցչության փոխդեսպան Օքսանա Դիակունը նույնպես երախտիքի խոսքեր է ասել համատեղ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ նշելով մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ Փարաջանովի արվեստի միավորող ուժին։