fbpx
Իրավական

Պարգևատրման արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարի գործում աչքի ընկած մոտ երեք տասնյակ ոստիկանության ծառայողներ, որոնք ոստիկանության պետի հրամանով պարգևատրման էին ներկայացել:

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:

«Ինչպես տեսնում եք` մեզանում արդեն ավանդույթ է ձևավորվել և շաբաթվա ընթացքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկանության ծառայողներին լրացուցիչ պարգևավճարներ են տրամադրվում, ինչը, կարծում եմ, կպարտավորեցնի էլ ավելի լավ ծառայել», – ասաց ոստիկանության պետը:

Պարգևատրվում են լավագույնները` սերժանտից մինչև գնդապետ: Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ամիսներ առաջ, երբ քննարկվում էր պարգևատրման այս ձևաչափը, շատերը թերահավատորեն էին վերաբերվում, սակայն, ինչպես տեսնում ենք այսօր, արդեն այն իրողություն է: «Խնդիրն, իհարկե, գումարը չէ, հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումը մեր մասնագիտական պարտքն է, սակայն նման պարգևաճարների արդյունքում ձեր աշխատանքն ավելի նպաստավոր կլինի, կոգևորի ավելի բարեխիղճ ծառայել,-ասաց ոստիկանության պետը` հավելելով,- սա աննախադեպ մոտեցում է: Եվ ոստիկանությունն այսօր պատրաստ է լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ստացած հանցագործություններ բացահայտած ոստիկաններին»:

Վալերիյ Օսիպյանը ընդգծեց նաև, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը ոչ միայն շարունակական բնույթ է կրելու, այլև լինելու են դեպքեր, երբ ծառայողը գումարի հետ նաև արժանանալու է այլ պարգևի:

Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին` ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց աշխատանքին բարեխիղճ ու սրտացավ մոտենալու համար` մաղթելով անփորձանք ծառայություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ