Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն. Փաշիկ Ալավերդյան

Հրապարակող՝

Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն. Փաշիկ Ալավերդյան

Ամենադիտվածներ

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար) արդեն Հայաստանում է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր մարզագույքը նպաստելու է մարզաձևի զարգացմանն ու ավելի բարձր արդյունքներ գրանցելուն:

«Սա երկար սպասված և մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ծանրորդների համար անչափ կարևոր է միջազգային մրցումներից առաջ մարզվել այնպիսի մարզագույքով, որպիսին լինելու է մրցավայրում, քանի որ գույքի տարբերությունն ազդում է արդյունքների վրա: Այս ծանրաձողերն առնվազն 20 տարի կծառայեն մեզ: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համակարգված աշխատանքի և մեզ նեցուկ լինելու համար: Հավաստիացնում եմ, որ մեր շնորհակալությունը կարտահայտենք ավելի բարձր արդյունքների տեսքով»,- նշել է նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև տեղեկացրել է, թե ինչ սկզբունքով է կատարվելու մարզագույքի բաշխումը. «Չեմ ասի, թե նոր ծանրաձողերը բավական են հանրապետության բոլոր մարզադպրոցներում առկա բացը լրացնելու համար: Իդեալական պայմաններում յուրաքանչյուր մարզադպրոցին միջազգային չափանիշներին համապատասխան 4 ծանրաձող է անհրաժեշտ, սակայն ստացած քանակը բավարար է հավաքականների մարզումային գործընթացի կազմակերպման համար: Առաջնահերթ մարզագույքը կբաշխվի հավաքականների անդամների մարզադպրոցների շրջանում, որպեսզի նրանք հավաքներից դուրս էլ կարողանան նույն ծանրաձողերով մարզվել»:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով:

Ամենաթարմ