Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի հարցին, նշել է, որ Շուշիում 30 տարիների ընթացքում բավարար թվով ներդրումներ չեն արվել, բավարար թվով բնակելի շենքեր չեն կառուցվել:
Աբրահամյանը նշել է, որ Շուշիում բազմաթիվ բազմաբնակարան շենքեր են եղել, առանձնատներ, ԿԲ-ի մասնաճյուղը, մշակույթի պալատ, սպայական շենք և մի շարք այլ հիմնարկներ, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրել է մոտ 4000 բնակիչ: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը պատերազմից առաջ եղե՞լ է Շուշիում և չի՞ արձանագրել իր նկարագրած շինությունները:
«Իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել: Եկեք հաշվենք, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում: Տեսնենք այդ ներդրումներն իրար հետ որևէ համեմատության եզր ունե՞ն: Ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով, ձեզ թվում է, թե մենակ դու՞ք եք եղել Շուշիում, ես չեմ եղե՞լ, մարդիկ չեն եղե՞լ, մյուս տարածքներում մարդիկ չեն եղե՞լ, չեն տեսե՞լ, թե ինչ վիճակ է: Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում: Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,-ասաց Փաշինյանը: