Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Այսօր, երբ Հայաստանը և Եգիպտոսը վստահորեն հաղթահարում են իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, առավել կարևոր է դառնում մեր երկրների միջև ավանդական եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը։ Խորապես համոզված եմ, որ այդ հարաբերությունները մեծ ներուժ են պարունակում, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Եգիպտոսի բազմաոլորտ համագործակցության համար։
Մոտ ժամանակներում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կնշանավորի հայ-եգիպտական փոխգործակցության ամրապնդման հերթական փուլը։ Մենք ողջունում ենք ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և մեր նպաստն ենք բերելու դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու գործին։ Այս համաձայնագրի ստորագրումն ու կիրառումը նոր որակ կհաղորդի մեր երկրների համագործակցությանը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։