fbpx
Խորհրդարան

Պաշտոնապես հայտարարում եմ` «Լուսավոր Հայաստանը» ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 8-ին Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ կառավարության վերջին նիստի ժամանակ նա իրենց մեղադրել է ահաբեկչական կազմակերպության աջակցելու մեջ և դա լուսաբանվել է մամուլում:

Մարուքյանը հերքում պահանջեց, ապա ասաց. «Դուք այդ օրենքը կամ չեք հիշում, կամ Ձեզ վատ են զեկուցել»:

Վարչապետն արձագանքեց. «Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»:

Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 2-ին Կառավարության նիստին տեղի ունեցած հետևյալ խոսակցության մասին է. «Լուսավոր Հայաստանը» «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։

Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր հրապարակային դարձնել կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի և մյուս պաշտոնատար անձանց կատարած ծախսերը։

Սակայն կառավարությունը չէր ընդունել ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը՝ համարելով, որ այս տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը և այն պետք է շարունակի գաղտնի մնալ:

«Այսինքն՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ո՞վ ա լավ կրակում, ամենավատը ո՞վ ա կրակում, և կից խորհրդատվություն, թե ո՞նց ա ավելի համար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, իհարկե, մենք թափանցիկության ճանապարհով գնում ենք, և, եթե էսպիսի անհրաժեշտություն զգանք, կարծում եմ, մենք ինքներս նախաձեռնություն կիրականացնենք», – որպես օրինագիծը չընդունելու հիմնավորում ասել էր վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ