fbpx
Աշխարհ

Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և Վրաստանի հետ հարաբերություններին

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում առկա վերջին զարգացումներին:

Նա խոսել է Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահի հետ վերջին զրույցի, ինչպես նաև պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենի Բաքու այցի և երկրում քաղբանտարկյալների խնդրի մասին:

Պետքարտուղարության փոխխոսնակն ասել է, որ քաղբանտարկյալների հարցը երկարաժամկետ գործընթաց է և մշտական գործակցություն է պահանջում, ուստի պետքարտուղարը և մյուսները այսուհետ էլ կենտրոնանալու են այդ խնդրի վրա:

Պատելը մեկնաբանել է նաև Թբիլիսիի հետ հարաբերությունները, մասնավորապես այն, որ վրացական կողմը հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ չնայած Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին վիզային սահմանափակումներ է կիրառում Վրաստանի կառավարության որոշ ներկայացուցիչների նկատմամբ:

Փոխխոսնակը մեկնաբանել է, որ Վաշինգտոնը խնդիրներ ունի Վրաստանի կառավարության հետ, սակայն կարևոր է համարում քննարկել դրանք և շարունակել երկկողմ հարաբերությունները:

«Այդ օրենքը հակասում է Վրաստանի եվրոպական ձգտումներին: Հավատացած ենք, որ այդ հարցին ևս կանդրադառնանք մեր հանդիպումների ժամանակ»,- ասել է Պատելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ