fbpx
Զինված Ուժեր

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն առաջին նիստն է գումարել

Այսօր՝ փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունն արտացոլված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրում ու ներկայացրել քննության առարկա հանդիսացող 7 ուղղություն`

2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,

Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,

Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,

Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,

Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,

Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,

Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է հանձնաժողովի իրավասության ոլորտին, որի շրջանակում հնարավոր է պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվություններ՝ այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթեր: Հանձնաժողովը կարող է պահանջել նաև քննչական մարմինների տիրույթում գտնվող պատերազմական գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություններ:

Ըստ անհրաժեշտության՝ առերեսման դեպքում կարող են հրավիրվել քննչական մարմինների, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է նաև հանձնաժողովի 36 կետից բաղկացած աշխատակարգը:

Նիստին ներկա ընդդիմադիր հանձնաժողովականները հայտարարել են, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նախապես տարածված հայտարարությունը դեռ չի արտացոլում նիստին ներկա ըննդիմադիր 3 պատգամավորների դիրքորոշումները:

Ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Տիգրան Աբրահամյանը շեշտել են, որ իշխանական թևի մասնակցությամբ գործող հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվություն ապահովել ու լքել են դահլիճը:

Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո Ազգային ժողովի մեկ այլ սրահում տեղի է ունեցել նաև ասուլիս: Նորաստեղծ հանձնաժողովի անդամները պատասխանել են լրագրողների հարցերի: Դրանք վերաբերել են հանձնաժողովի փորձագիտական կազմին, նիստերի անցկացման ժամանակացույցին, ընթացքին և շահագրգիռ կողմերի ներգրավվածության հնարավորություններին», – ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ