«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը այսօր՝ մարտի 5-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում։
Նախագիծը բազմաթիվ քննարկումներից հետո ստացավ 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայներ:
Այն ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Առաջարկվում է, որ պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի՝ հստակ նշվի տեսակցելու հնարավորությունը, քանի որ իրավակիրառ պրակտիկայում պատգամավորները խնդիրների են հանդիպում. հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել՝ պատճառաբանելով, թե հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է նշված:
Ըստ նախագծի՝ օրենքում ֆիքսվում, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի սահմանափակել 48-րդ հոդվածում նշված անձանց՝ պատգամավորների, նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, վարչապետի և այլոց տեսակցության իրավունքը: Բացառություն է սահմանվում, որով այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, օրինակ՝ վկա լինեն:
Նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլ»-ից Նիկոլայ Բաղդասարյանը կոչ արեց մերժել նախագիծը, քանի որ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց:
«Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ տեսակցելու սահմանափակում է դրված լինում, բայց այս նախագիծն այս հարցը չի կարգավորում»,-նշեց նա:
Միաժամանակ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:
ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ պատգամավորներն անարգել տեսակցել են մինչև այն պահը, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը մեծացել է և արդարադատության մի նախարար սկսել է մեկնաբանել, որ իրավունք չունենք, քանի որ քննիչի արգելք կա:
«Եվ այդ ժամանակ հստակեցման խնդիր առաջացավ, և նախաձեռնություն բերվեց, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր՝ «Ելք» դաշինքի ժամանակ: Պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք, ունեն անարգել հանդիպելու իրավունք: Սակայն օրենքը Արդարադատության նախարարության կողմից մեկնաբանվում է այնպես, որ քննիչի արգելքի դեպքում չեն կարող թույլ տալ: Բայց քննիչի արգելքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր կարող են ինֆորմացիա փոխանակել և դա դուրս հանել»,-ասաց նա։
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հավելեց, որ իրեն բազմիցս արգելել են մտնել քրեակատարողական հիմնարկներ: