Մեկ շաբաթ առաջ պատմել էինք «Պատիվ» սոցիալական աջակցման հասարակական կազմակերպության նախաձեռնած «Գիրքը վերածենք փողի» ակցիայի մասին։ Գրքերից ստացված գումարը կազմել էր 145. 000 դրամ։
Սակայն նախաձեռնության ղեկավար Արմենուհի Վարդանյանը, և իր թիմը որոշել էին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին անպայման փոխանցել 500. 000 դրամ։ «Մենք որոշեցինք ևս մեկ ակցիա կազմակերպել և մեր աջառ դրեցինք կոնկրետ նպատակ»,- պատմեց Արմենուհի Վարդանյանը։
Ակցիան սկսել են հոկտեմբերի 22-ից, այն մեծ արձագանք է ստացել հայրենի Արթիկ քաղաքում։ Բացիկներ են վաճառել, որոնք ունեցել են «Մեկ բացիկ, մեկ կյանք» խորագիրը։ Բացիկների արժեքը եղել է 50 դրամից սկսած։
Կամավորները պատմում են, որ ոչ ոք անտարբեր չի անցել։ Քաղաքացիները, նույնիսկ փոքր երեխաները օգնել են՝ գնելով բացիկները։ «Մեզ համար շատ կարևոր է, որ գոնե այսպես աջակցենք մեր բանակին։ Մենք չենք կռվում մարտի դաշտում, բայց այստեղ՝ թիկունքում, ևս պետք է պայքարել»,- նշեց կամավորներից Հայկուհին։
Մեր այցի ժամանակ նկատեցինք, որ թոշակառու մի պապիկ բացիկ գնեց 2000 դրամով, սակայն բացիկը չվերցրեց։ Մեր այն հարցին, թե ինչու այդպես վարվեց, մի փոքր հուզված պատասխանեց, որ իր թոռն էլ է առաջնագծում։ «Թոռս էլ է Արցախում, թող բացիկը մի անգամ էլ վաճառեն, մի դրամն էլ հիմա մեզ պետք է»,- նշեց պապիկը։
Կամավորներից Կարոն պատմում է, որ այդպես հաճախ է լինում, մարդիկ մեծ ոգևորությամբ են մասնակցում։ «Մենք պարտավոր ենք աջակցել տղերքին։ Սպասում ենք մեր հաղթանակին, իսկ հաղթանակը պարտադիր մերն է լինելու»,- շեշտեց Կարոն՝ հայ տղամարդուն բնորոշ վճռականությամբ։
Հրապարակում, որտեղ միշտ հավաքվում են կամավորները, նկատեցինք, որ քաղաքացիները բերում էին, նաև տաք հագուստներ, գլխարկներ, վերմակներ և դեղորայք։ «Չնայած այս պահին այլ ակցիա ենք անում, բայց մարդիկ մեզ արդեն սովորել են, բերում են այն ինչ մտքներով անցնում է։ Մենք ևս օրվա ընթացքում վերմակներ ենք կարում։ Այսօր արդեն անհրաժեշտ իրեր ուղարկել ենք առաջնագիծ»,- նշեց տիկին Արմենուհին։
Կամավորների մեծ խումբը աշխատանքը բաժանել է՝ կեսը հրապարակում քողարկող ցանց են գործում, մի մասը բացիկներ է վաճառում, մի քանիսն էլ հետևում են աշխատանքների ընթացքին։ «Մենք իսկապես շատ լավ երիտասարդություն ունենք, նրանք հաղթող սերունդ են, և որ ամենակարևորն է պահանջատեր են»,- շեշտում է տիկին Արմենուհին։
Ակցիան արդեն ավարտվել է, Արմենուհի Վարդանյանն, ու իր թիմը հասել են իրենց նպատակին՝ հիմնադրամին արդեն փոխանցել են 500. 000 դրամ։ «Գիտեք մենք փոքր, բայց վստահ քայլերով հասանք մեր նպատակին, այդպես էլ մեր տղերքը կերտում են մեր հաղթական պատմությունը»,- շեշտում է Արմենուհի Վարդանյանը։
Մեզնից յուրաքանչուրի փոքր քայլը մեկ վայրակյանով մոտեցնում է մեզ հաղթանակին, իսկ հաղթանակը վստահ եղեք մերն է լինելու։
Հեղինակ՝ Կակոյան Շողակաթ։