ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: Նախարարը ինստիտուտի տնօրենի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի և նախարարության աշխատակիցների հետ շրջել է ինստիտուտի տարածքում, ծանոթացել աշխատակիցների հետ, ապա տնօրենի աշխատասենյակում կարճատև զրույց ունեցել հնարավոր համագործակցության վերաբերյալ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում ինստիտուտի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ ԳԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը։
Վլադիմիր Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար, ապա ներկայացրել ինստիտուտի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը։
«Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը նոր մեկնարկ կլինի գիտական հանրության և տնտեսության պետական կառավարման գերատեսչության միջև համագործակցության համար: Հանրապետության արդի կացությունը ենթադրում է նոր մոտեցումներ հատկապես տնտեսության ոլորտում և հուսով եմ, որ կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու ակնկալիքները և համատեղ կհասնենք նպատակների իրականացմանը ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Ուզում եմ հատուկ նաև նշել, որ չնայած կառավարության ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումների, սա առաջին դեպքն է, երբ նախարարն անձամբ է այցելում տնտեսագիտության ինստիտուտ, ինչը միաժամանակ և՛ հաճելի է և՛ պարտավորեցնող», – նշել է նա:
Անդրադառնալով ինստիտուտի գործունեությանը, Վ․ Հարությունյանը նշել է, որ ինստիտուտի գիտական թեմատիկան բխել է կառավարության գործունեության ծրագրից, արդյունքները ներկայացվել են կառավարությանը և շահագրգիռ այլ մարմիններին, ինչպես նաև գիտական հանրությանը: Նշվել է նաև, որ տարբեր գերատեսչությունների խնդրանքով իրականացրվել են հետազոտություններ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացվել ինստիտուտի փորձագիտական կարծիքը գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թթ. ռազմավարության վերաբերյալ։
Ինստիտուտի տնօրենը նշել է, որ 1955 թվականին հիմնադրված ինստիտուտը դեռևս խորհրդային տարիներից լուրջ ներդրումներ և դերակատարություն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետազոտության, պետական կառավարման նոր սկզբունքներին համահունչ կադրային բանկի ձևավորման գործում․ինստիտուտի գիտաշխատողներ են եղել շատ հայտնի գործիչներ:
Նախարար Քերոբյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակը և ակնկալիքները․ «Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է․ մենք չենք ուզում առանց գիտության առաջ գնալ, հակառակը՝ պատրաստվում ենք գիտական ամբողջ համայնքի ներուժն օգտագործել, զարգացնել, հզորացնել և միասին առաջ գնալ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր գիտական ինստիտուտները, ուժեղացնելով գիտությունը, մենք ուժեղացնում ենք մեր երկիրը», – ասել է Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում, որտեղ գիտելիքի և գիտության շեշտադրումը շատ վառ արտահայտված է և հավելել, որ ցանկալի կլինի ունենալ ինստիտուտի կարծիքը և դիտարկումները։
Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախարարությունը նախաձեռնել է մասնավոր հատվածից, բիզնեսներից ասպիրանտական ուսումնասիրությունների, հետազոտությունների պատվերների հավաքագրումը և արդեն իսկ կա բավականին մեծ հետաքրքրվածություն։
Նշելով, որ առանց գիտության առաջ գնալը բոլոր ոլորտներում շատ դժվար կլինի, Յուրի Սուվարյանը ողջունել է նախարարի և նախարարության նախաձեռնությունը այս հանդիպումը կազմակերպելու առումով և ավելացրել․«Ինստիտուտը երկարամյա հետազոտական փորձ ունի և նախկինում էլ կաևոր դեր է խաղացել տնտեսական քաղաքականություն մշակելու ասպարեզում, հիմա էլ ինստիտուտում կան լավ մասնագետներ՝ խորացած տարբեր ոլորտներում և նախարարության կողմից ցանկացած պատվերի դեպքում ինստիտուտը կարող է գիտական մշակումների միջոցներով ներկայացնել խնդիրների լուծման ճանապարհները: Կարծում եմ, որ համատեղ աշխատանքը երկուստեք շատ օգտավետ կարող է լինել․ինստիտուտը կունենա ակտուալ թեմաներով զբաղվելու հնարավորություն, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կկատարի մեր երկրի զարգացման, մեր երկրի տնտեսական քաղաքականության մշակման մեջ որոշակի ներդրում»:
Ինստիտուտի աշխատակիցները հանդես են եկել գիտագործնական ելույթներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ, ներկայացրել ինստիտուտի գիտական ներուժը և հիմնական ձեռքբերումները, միջազգային համագործակցությունը, կատարված աշխատանքները և 2021թ․ համար նախատեսված հիմնական ուղղությունները։
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։