Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր բացահայտումներ են կատարել՝ հայտնաբերելով գիտության և ՀՀ ֆաունայի համար մի շարք նոր տեսակներ և ապրելավայրեր։
Փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր տեսակ, ինչպես նաև ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի 50, լվիճների 23 տեսակ։ Երիտասարդ գիտաշխատող Անուշիկ Խաչատրյանի թեկնածուական թեզի շրջանակում հայտնաբերվել են ջրարջերի 10 նոր տեսակներ, որոնք ևս ավելացվել են ՀՀ ֆաունայի ցուցակին։
Նոր հայտնագործությունների մասին տպագրվել են հոդվածներ հայտնի գիտական հրատարակություններում, այդ թվում՝ Springer Nature, Acta Agriculturae Slovenica, Arab Journal Of Plant Protection, Euroasian Entomological Journal, Biodiversity, և Indian Journal of Entomology:
Բացի այս, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։ Այս աշխատանքները իրականացվել են Սենտ-Լուիսի կենդանաբանական այգու գիտաշխատողների հետ համատեղ, գիտական ղեկավար Լևոն Աղասյանի ղեկավարությամբ։ Տվյալ արդյունքները ներկայացվել են Herpetological Review ամսագրում։
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում Հայաստանում առաջին անգամ ճագարների օրգանիզմում հայտնաբերվել են դիկրոցելիա մակաբույծի ձվեր։ Այս մակաբույծի զարգացումը տեղի է ունենում միջանկյալ տիրոջ՝ Helicella և նման ցեղի խխունջների, և լրացուցիչ տիրոջ՝ Formica ցեղի մրջյունների մասնակցությամբ։ Վարակված ճագարները տառապում են արտադրողականության նվազումով, մարսողական համակարգի խանգարումներով և ընդհանուր հյուծվածությամբ։ Հետազոտության արդյունքները տպագրվել են International Journal of Agriculture and Biosciences-ում։
Այս հայտնագործությունները ոչ միայն նոր լույս են սփռում էվոլյուցիոն գործընթացների վրա, այլև օգնում են հասկանալ էկոհամակարգերի դինամիկան և փոխկախվածությունը։ Նոր տեսակների հայտնաբերումը կարող է ծառայել որպես վաղ նախազգուշացում էկոհամակարգերի վիճակի և շրջակա միջավայրի փոփոխությունների մասին՝ խթանելով բնապահպանական մոնիտորինգը և պաշտպանությունը։