Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։
Հայ պատգամավորը, ընտրությունների արդյունքներով տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանին շնորհավորելով, ասել է․
«Նախևառաջ կարևորում եմ, որ պարտրարքի տեղապահի ընտրությունները հնարավոր եղան անցկացնել։ Շնորհավորում եմ նորընտիր պատրիարքի տեղապահին, սակայն ընտրությունները սխալ են ընթացել։ Պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին Թուրքիայում ծնված հոգևորականները, կամ էլ այն հոգևորականները, որոնց հայրերը Թուրքիայի հայ քաղաքացիներ են»։
Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը այդպես էլ չի պատասխանել իր այն հարցապնդմանը, թե ինչու էր պետությունը միջամտել տեղապահի ընտրություններին և մեկ շաբաթով հետաձգել այն։