fbpx
Զինված Ուժեր

Պայմանագրային զինծառայողի ուսապարկում թմրամիջոց էր հայտնաբերվել

Պայմանագրային զինծառայողների դեմ դատական գործընթացները արագացված ընթացակարգով են սովորաբար լինում, սակայն փաստ է, որ նրանք հաճախ են ներքաշվում քրեական ենթամշակույթի մեջ, քրեական գործերով են անցնում և նրանց մասնակցությամբ քրեական գործերի աճ է նկատվում:

Ահա դրանցից մեկը, որն օրեր առաջ ավարտվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ:

Պայմանագրային զինծառայողը երիտասարդ էր, 17 տարեկանից գտնվել է հոր խնամքի տակ, քանի որ տասը տարի առաջ մահացել է մայրը: Ամբաստանյալ Ալեն Բաբայանը կատարել էր ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցանքներ: Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ Կապանի ՌՈ բաժնում պայմանագրային զինծառայողի ուսապարկում թմրամիջոց էր հայտնաբերվել:

2019 թվականի դեկտեմբերի 13-ին նախաքննության մարմինն Ալեն Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 364.2 հոդվածի 1-ին մասով, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի բուժկետի վարորդ-սանիտար, պայմանագրային զինծառայող, կոչումով` շարքային, Կապան քաղաքի Սյունիք համայնքից 2 կիլոմետր հեռավորության վրա` Արցախի Քաշաթաղի ճանապարհից քաղած կանեփ բույսից պատրաստել և առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է զգալի չափերով` 8.85 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով՝ ՀՀ ՊՆ Կապանի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից նույն զորամասում անակնկալ ստուգայց կատարելիս մարտական հերթապահության մեկնելու ժամանակ այն հայտնաբերվել էր Ա. Բաբայանի ուսապարկից: Մեկ այլ դրվագով էլ, 2019 թվականի օգոստոսի 21-27-ն ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում ապօրինի գործածել է իր մոտ պահած կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրանյութ:

Ալեն Բաբայանի նկատմամբ ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը: 2019 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, յոթ օր հետո հրապարակվել դատավճիռը, քանի որ դատական գործընթացն արագացված ընթացակարգով էր: Ալեն Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում 9 ամիս ժամկետով:

Դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելու դեպքում` ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի ստորաբաժանման վրա։ Ալեն Բաբայանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կվերացնի Ալեն Բաբայանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը և անձնագրային գործողություններ կատարելու արգելքը։ Նա, ըստ քրեական գործի նյութերի, ՊՆ զորամասի հրամանատարության կողմից բնութագրվել էր բացասական:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ