Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ամենամեծ Էվին բանտում ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
«Հրապարակվել են Էվինի բանտի նկարները, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ հսկայական հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ վերջին 20 րոպեի ընթացքում հրդեհի վայրից առնվազն չորս պայթյունի ձայն է լսվել», – ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունը նշում է, որ հրդեհը բռնկվել է բանտի կարի բաժնում՝ ֆինանսական հանցագործությունների եւ գողության համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով։ Fars-ի փոխանցմամբ՝ բանտի ղեկավարության օպերատիվ գործողության շնորհիվ հրդեհն անմիջապես մարվել է։
Էվին բանտում բռնկված հրդեհի հետեւանքով ութ մարդ է տուժել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով շտապօգնության աշխատակցին։
«Այս միջադեպի հետեւանքով զոհեր չկան, ութ մարդ վիրավորվել է», – գործակալությունը մեջբերում է շտապօգնության աշխատակցի խոսքերը։