ՀՀ ՊԵԿ-ը հայտնել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ այլ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համանման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները։
- ՀՀ ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկում է ունեցել
- ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին
Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցության դիտարկումը մաքսային լաբորատորիաների ստեղծման գործընթացում: Կարևորվել են Միասնական տարանցման կոնվենցիայի աշխատանքային խմբում Հայաստանի Հանրապետության կողմից դիտորդի կարգավիճակի ստանձման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ինչպես հետագա համագործակցության ընդլայնման, այնպես էլ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: