fbpx
Կառավարություն

ՊԵԿ նախագահը` ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնող ՊՈԱԿ-ի գործունեության մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվել է, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնող ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվելու, և ներմուծում ու տեղադրում չի իրականացվելու: Ի՞նչ ֆունկցիաներ ունի ՊՈԱԿ-ը, և որոշումը երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու, ՊԵԿ նախագահին հարցրել են լրագրողները:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՊՈԱԿ-ն ամբողջությամբ դադարեցնելու է իր ձեռնարկատիրական գործունեությունը, երբ որ անցնի անցումային ժամանակաշրջանը: Այդուհետ կունենա երեք գործառույթ:

«Առաջինը՝ սահմանամերձ բնակավայրերում և համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին տրամադրելու է անվճար հսկիչ դրամարկղային մեքենաներ և ՀԴՄ-ների անվճար տեխնիկական սպասարկում է իրականացնելու: Մեկ գործառույթ էլ կա, այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կունենան ոլորտում գործունեություն իրականացնել և ներմուծել ՀԴՄ-ներ և վաճառել, տեխնիկական սպասարկում իրականացնել, այդ հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պարամետրերի հնարավորությունների համապատասխան վերլուծություն պետք է իրականացնի ՊՈԱԿ-ը, և համապատասխան եզրակացությունը պետք է հրապարակի ՊԵԿ-ի պաշտոնական կայքում, որպեսզի անձինք, ովքեր ձեռք են բերում այս կամ այն տնտեսավարողից հսկիչ դրամարկղային մեքենա, իմանան, որ այ էդ մոդելի տվյալ ՀԴՄ-ի տեխնիկական պայմանների համապատասխան եզրակացություն կա»,- ասել է Դավիթ Անանյանը:

Ըստ Դավիթ Անանյանի՝ այսօր կան շուրջ 10 կազմակերպություններ, որոնք եկել և չբացահայտման համաձայնագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ.

«Դա ի՞նչ է նշանակում. որպեսզի ՀԴՄ-ների տեխնիկական պարամետրերն ուսումնասիրվեն, այդ կազմակերպությունները պետք է ուսումնասիրեն մեր ծրագրային ապահովումները, որպեսզի ՀԴՄ-ները մեր ծրագրային ապահովմանը, մեր ցանցին կարողանան կպնել, հասանելիություն ապահովեն, հետևաբար մեր ցանցի ուսումնասիրության, մեր ծրագրային ապահովումների ուսումնասիրության համար այդ կազմակերպությունները մեզ հետ կնքել են չբացահայտման համաձայնագիր: Ենթադրվում է, որ մոտ ապագայում այդպիսի կազմակերպությունների թիվը կշատանա»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երբ ՊՈԱԿ-ը դադարի այսօր իրականացնող որոշ գործառույթներ չիրականացնել, դաշտում կլինեն ընկերություններ, որոնք կփակեն բացը, և խնդիրներ չեն առաջանա:

Նոր սերնդի ՀԴՄ-ներից օգտվելու շուրջ 24 հազար հայտ է ներկայացվել, որոնցից բավարարվել է կեսը՝ 11 հազար 980-ը: Շուրջ 6000 ՀԴՄ արդեն տրամադրվել է, մոտ 3000-ը կա, որ մարդիկ չեն գալիս, չեն տանում: ՊԵԿ նախարարը հորդորել է գալ, տանել ՀԴՄ-ները, հակառակ դեպքում ՊԵԿ-ը կարող է վարչարարություն փոխել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ