Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը։
«Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել են արդիականացված և արդյունավետ բիզնես գործընթացներ։ Նշված առաջարկներից բացի, միջազգային փորձագետները ՊԵԿ աշխատակիցներին են ներկայացրել մաքսային ռիսկերի կառավարման, միասնական պատուհանի հասկացության, լիազորված տնտեսական օպերատորի և ժամանակակից մաքսային միտումների վերաբերյալ տեղեկատվություն:
- ՊԵԿ-ը գործարկել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը
- ՊԵԿ-ում քննարկվել է ԵՄ կողմից աջակցություն տրամադրելու հնարավորությունները
Դասընթացի ընթացքում կարևորվել են նաև միջազգային լավագույն փորձը և առկա նոր մոտեցումները, որոնք առաջարկվում է կիրառել նաև Հայաստանում։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Մաքսային բարեփոխումների ուղղությամբ աջակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ: