Little Mix խմբի երգչուհի Փերի Էդվարդսն ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն ամուսնացել են։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 16-ին Պորտուգալիայի Էշտոյ գյուղում։ Ինչպես հայտնում է British Vogue-ը, զույգը պսակադրվել է 15-րդ դարի կաթոլիկ եկեղեցում՝ 10 տարվա հարաբերություններից և 2022 թվականի նշանադրությունից հետո։
Հարսանիքին ներկա են գտնվել զույգի ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները, այդ թվում՝ Little Mix-ի նախկին անդամներ Ջեյդ Թերլուոլն ու Լի-Էն Փինոքը։ Փերի Էդվարդսը պատմել է, որ հարսանեկան խնջույքի ժամանակ նրանք միասին կատարել են խմբի հայտնի երգերը։ Չնայած Ջեյդ Թերլուոլը ստիպված է եղել շուտ հեռանալ փառատոնային պարտավորությունների պատճառով, միջոցառումը մեծ արձագանք է գտել երկրպագուների շրջանում։
Հարսանեկան օրվա ընթացքում Էդվարդսը փոխել է երեք զգեստ։ Արարողության համար նա ընտրել է Dana Harel-ի դասական ժանյակավոր զգեստը, հարսանեկան ընդունելության համար՝ Galia Lahav-ի բյուրեղներով զարդարված զգեստը, իսկ երեկոյան խնջույքի համար՝ Annie’s Ibiza-ի պատվերով կարված կարճ զգեստը։ Զույգը, որը դաստիարակում է երկու երեխա՝ Աքսելին և Ալանիսին, օրը որակել է որպես իրենց կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը։

