Պետդուման հուլիսի 25-ին վավերացրել է Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը: Եվս մեկը փոփոխություն է մտցնում ՀԱՊԿ իրավավիճակի մասին համաձայնագրում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ երկրորդ արձանագրությունը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։ Ըստ արձանագրության դրույթների՝ առաջարկվում է նախատեսել, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում մտնեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրությամբ նրանք օժտված են լիազորություններով՝ որոշումներ կայացնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ։
Երրորդը՝ փոփոխություններ է ներմուծում կանոնադրությունում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի ստացում այն պետությունների համար, որոնք չեն հանդիսանում կազմակերպության անդամ, և միջազգային կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են նորմատիվային բաց իրավական բազայի, փորձի ու ՀԱՊԿ-ի գործունեությանն առանց միջոցառումների գործնական մասնակցության պարտավորությունների ստանձնման:
Արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են նրա նպատակներն ու սկզբունքները և ցանկանում Կազմակերպության հետ հաստատել ու զարգացնել փոխշահավետ համագործակցության հարաբերություններ՝ գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորություններ ստանձնելով, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ։
Իսկ կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ անելու մասին արձանագրությունն առաջարկում է ավելի հստակ ձևակերպում տալ «ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մշտական և լիազոր ներկայացուցչի և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն ստեղծել:
Արձանագրությամբ նաև առաջարկվում է ոչ միայն առավելություններ շնորհել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, այլև նրա ընտանիքի անդամներին, տեղակալներին և վերջիններիս ընտանիքներին: