Պետերբուրգում սպանության մեջ մեղադրվող հայաստանի քաղաքացին ինքնասպան է եղել

Ամենադիտվածներ

Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին Интерфакс-ին հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից:

«Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի ժամ հետո հայտնի է դարձել, որ Նարոյանին գտել են կախված»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Զրուցակիցը նաև նշել է, որ դատարանների պահակային շինությունները գտնվում են ոստիկանության տիրույթում։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ հուլիսի 3-ին, ատենակալները կայացրել էին մեղադրական դատավճիռ Հայաստանի երկու քաղաքացիների հանդեպ սանկտպետերբուրգցի 93-ամյա Նինա Մացինայի սպանության գործով: Վերջինս աշխատում էր Մարինյան թատրոնում։

Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը և Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017 թվականի դեկտեմբերին։ Ըստ քննության վարկածի՝ Հուսեյնովան մի քանի ամիս խնամել է թոշակառու կնոջը, որը երկրորդ կարգի հաշմանդամ էր և որոշել է սպանել նրան շահադիտական նկատառումներով։ Նա գործին ներգրավել է ծանոթներին՝ Նարոյանին ու Հակոբյանին։

Սպանությունը կատարվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Վարշավյան փողոցի բնակարանում։ Հուսեյնովան բացել է բնակարանի դուռը Նարոյանի առաջ, որը խեղդել է տարեց կնոջը։ Նրանց հանցակից Հակոբյանը հետևել է անցուդարձին, որ անհրաժեշտության դեպքում արագ դիմեն փախուստի։ Դրանից հետո նրանք խուզարկել են բնակարանը, վերցրել սպանվածի բանկային քարտն ու հայտնի երգչի լուսանկարն ինքնագրով, սակայն փողերը քարտից հանել չեն կարողացել, քանի որ չեն իմացել գաղտնաբառը:

Սենիկ Նարոյանը, որը ելույթ է ունեցել 2019թ. հուլիսի 1-ին դատարանում, վերջին խոսքի ժամանակ հայտարարել է, որ եթե իրեն մեղավոր ճանաչեն, ապա ինքը նրանց կխնդրի գնդակահարել իրեն: Քննության ժամանակ նա հրաժարվել էր ցուցմունք տալ, իսկ դատարանում հայտարարել էր, որ անմեղ է:

Ամենաթարմ