Պետք չէ խտրականություն դնել, մեկի շահերը հաշվի առնել, մյուսինը՝ ոչ. Էդգար Առաքելյան

Խորհրդարանում այսօրվա նիստում քննարկվում է նաև ինտերնետային շահումով խաղերի (տոտալիզատորների) գովազդի սահմանափակումների մասին նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը պնդեց, որ ընդհանրապես արգելվելու է այդ խաղերի արտաքին գովազդը, թեև արտաքին գովազդի տեղադրմամբ զբաղվող ընկերությունների հասույթի 20-30 տոկոսը հենց այս գովազդից է գալիս։

Նախագծի հեղինակ Հրաչյա Հակոբյանը նշեց, որ լրատվամիջոցների հետ գովազդի սահմանափակման հարցը քննարկել են, արտաքին գովազդ տեղադրող ընկերությունների հետ՝ ոչ, քանի որ արտաքին գովազդ տեղադրողները կարող են տեղադրել նաև այլ գովազդներ, իսկ լրատվամիջոցները մեծ կախում ունեն հենց շահումով խաղերի գովազդից։

Ինչին ի պատասխան, Էդգար Առաքելյանը ասաց, որ պետք չէ խտրականություն դնել, մեկի շահերը հաշվի առնել, մյուսինը՝ ոչ։ Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում նախագծի հեղինակները հանդիպում կունենան նաև արտաքին գովազդ տեղադրող ընկերությունների հետ՝ նրանց մտահոգություններին նույնպես ծանոթանալու համար։ Հրաչյա Հակոբյանը համաձայնեց հանդիպել այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ամենաթարմ