Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը:
«Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության», – գրել է Թաթոյանը:
Ըստ Թաթոյանի՝ փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Նա գրել է, որ այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: