ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որում մասնավորապես անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին:
«Նշելով, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են՝ նախագահն ասել է. «Հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չի լինի»:
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին
- Առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին․ Սարգսյան
Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանը նշել է, որ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ, և չկա ուրիշ ճանապարհ՝ բացի երկխոսելը: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, հնարավոր չէ անտեսել պատմական իրողությունները, առաջ շարժվել առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու, որը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերն աշխարհասփյուռ ազգ են: «Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»,- նշել է նախագահ Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: