fbpx
Քաղաքականություն

Անհատներին պետք է ոչ թե թևաթափ անել, այլ թև տալ․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Լավ գործ անելու համար անհրաժեշտ չէ իշխանություն ունենալ, բայց մեծ գործ անելու համար ամենաքիչը պետական հովանի է պետք:

Ովքե՞ր և ինչի՞ վրա են վատնում այդ հովանին ու ինչ են դրանով տալիս աշխարհին Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, և այլ տեղերում՝ եվրասիական տնտեսական միության մեջ: Ու ովքե՞ր և ինչե՞ր՝ զարգացած երկրներում: Ի՞նչ են ծախում մարդկության վրա հետադիմականներն ու առաջադիմականները:

Սա կոնցեպտուալ մոտեցում է, իսկ հարցադրումը ոչ թե վատաբանելու նպատակ է կրում, այլ վեր հանելու խնդիրների շղթան մեր գիտակցության, ինքնուրույնության և ինչու չէ՝ որպես պետության գոյության իմաստով:

Կցանկանամ, որ կիսվեք ձեր կարծիքներով և սեփական տեսլականով, քանի որ շատ եմ կարևորում այն: Ասեք խնդրեմ, թե ովքե՞ր և ինչի՞ համար պետք է ստանան պետական հովանի:

Հայաստանում մշտապես՝ մշակույթից մինչև տնտեսություն քվոտավորված է եղել, ու հովանու ներքո գործել են միայն նրանք, ովքեր ծառայել են վարչակազմերին, այլ մարդիկ չեն հաջողել, այլ մարդիկ նույնիսկ հավասարաբար ճնշվել, իզոլացվել են կամ զրկված են եղել հնարավորությունից: Այս երևույթը զուգահեռաբար խեղել է մրցակցությունը, արդարության զգացումը, պետության, համայնքի, շրջապատի ու նույնիսկ մարդու սեփական ունակությունների հանդեպ հավատը:

Ո՞նց է հնարավոր բացատրել պետությանը կամ ներդնել պետության մեջ, որ անհատներին պետք է թև տալ, այլ ոչ թե թևաթափ անել, և դա ոչ թե ազգային անվտանգության խնդիր է, այլև ազգային պաշտպանության: Այդ ճանապարհով է հնարավոր աշխարհին տալ որևէ արժեք, որևէ գաղափար, որևէ յուրահատկություն, ինչի համար մեր գոյությունը արդարացված կլինի, մեր եզակիությունը պաշտպանված կլինի ու առհասւակ մեր գիտակցումը ընկալելի կդառնա բոլորի համար:

Հ.Գ. Ի՞նչ հաղորդագրություն է տալիս, օրինակ, ԱՄՆ-ն աշխարհին Մասկի միջոցով: Իրականում, մենք էլ մեր ճանապարհն ենք անցնում, որ պակաս կարևոր չէ աշխարհի համար, բայց այն ժամանակ կարևորությունը կհասկանանք, երբ տրվի սահմանումը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ