fbpx
Երևան

Մարությանի ռեյտինգը կստվերեր ՔՊ-ականներին ու նա կդառնար Փաշինյանի իրավահաջորդը․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանն անդրադարձել է Երևանի ավագանիի վերջին գործողությանն ու Հայկ Մարությանին։

«Ավագանին կարող էր շատ ավելի համեստ ու համոզիչ գտնվել՝ հայտարարելով, որ կատարած լավ աշխատանքի համար Հրաչին նշանակում է քաղաքապետ, իսկ Հայկի հետ աշխատանքը անհնարին է դարձել քաղաքական տարաձայնության պատճառով, ըստ որի նա հեռացել է ՔՊ կուսակցության շարքերից և չի համագործակցում ավագանու և Կառավարության հետ Երևանի խնդիրների ամբողջական լուծման համար:

Բայց ավագանին ոչ թե համոզիչ չգտնվեց, այլև ազնիվ գտնվեց, և իրականում ցույց տվեց իր քաղաքական անպատրաստվածությունը, ինչից տուժվել է Երևանը, իսկ դրա մեղքի բաժինը քաղաքական թիմի անկետաներով ընտրությունն է: Հարյուրավոր խնդիրներ լուծելու համար նրանք կոմպետենտ չեն եղել և քաղաքն ու երկիրը տուժվել են: Ժամանակի ընթացքում նրանք կարող էին ադապտացվել, սակայն այս դեպքում շեղումը մեծ ստացվեց: Անցել է երկու-երեք տարի, բայց նրանք դրսևորել են միայն քվեարկելու իրենց հեղհեղուկ պարտականությունը. որոշումը կայացվել է կուսակցությունում, քննարկվել է քաղաքապետարանի վարչություններում, համապատասխանեցվել է, բացատրվել է ավագանուն և ապահովվել քվեարկությունը:

Հաջողությունները իրենց վերագրելու փորձը, իսկ ձախողումները կամ անգործությունը բարդելու մեկի վրա, ցավալի պրակտիկա է, որը սպառնալու է իրենցից յուրքանչյուրին՝ սկսած Նիկոլից: Դրանից էլ բխում է ներսի տհաճ մթնոլորտը և հարաբերությունները վախի ու պատեհապաշտության վրա կառուցելը, որը կուսակցական արատավոր, անառողջ երևույթներից է: Այն դրսևորվում է հայկական կուսակցություններում: Ոչ մի կառույց դրանից զերծ չի եղել: Սրա արժեքային պատճառներից է քաղաքական պատասխանատվության մշակույթի բացակայությունը, իրենց պարագայում նաև գաղափարախոսության, և փոխկապված է անձերի եսակենտրոնության ու նեղ խմբային շահի հետ:

Կհիշե՞ք՝ Հայկը, լինելով Երևանի քաղաքապետ, չդարձավ ՔՊ կուսակցության վարչության անդամ: Դա տարակուսանքի տեղիք է տալիս և վերլուծելու հիմք է հանդիսանում՝ կարծելու, որ ՔՊ կադրերով զբաղվող անձը հեռահար հաշվարկ էր ունեցել՝ մոտիվ, քանի որ չէր կարող մայրաքաղաքի առաջին դեմքը, հսկայական տնտեսության կառավարիչը տեղ չունենալ կուսակցության կառավարման մարմնում:

Իսկ ո՞րը կարող էր լինել մոտիվը: Ակնհայտ է՝ մրցակցությանը չդիմանալը: Հայկն իր ռեյտիգով ոչ միայն կստվերեր մյուսներին, այլև լուրջ մրցակից կդառնար թիմում և հանրության առաջ հենց Նիկոլ Փաշինյանի համար: Սա էլ միգուցե ներկայացվել է Նիկոլին, որպեսզի ստանա նրա համաձայնությունը: Հիմա էլ երևում է, որ նրա վարկանիշը գոնե Երևանի մասով լուրջ չափ ունի, այն էլ իշխանական հակաագիտացիայից հետո:

Եվ դատելով իր ազնվությունից՝ միգուցե չգնար Փաշինյանի հետ մրցակցելու ճանապարհով, գնահատելով նրան որպես առաջնորդի (սուբյեկտիվ կարծիք է, համենայնդեպս հիմա չգնաց քաղաքական ընդվզման ու բողոքի ալիքի կամ սրացման ճամփով), ինչի մասին շեշտադրեց ուղերձում: Այստեղ խնդիրը Նիկոլի իրավահաջորդը լինելու մեջ է, այսինքն մյուսների մասով էր՝ Սուրենի, Ալենի, Արայիկի, Արարատի ու այն ժամանակ նաև Տիգրանի, որոնց առնչությամբ նախատեց՝ նշելով գողտու աշխատավարձերի բարձրացումն ու ճոխությունները, որոնք հարիր չեն հեղափոխական թիմին/նախարարներին:

Մի անգամ ասել եմ, որ Հայկին մարտիրոսացնել պետք չէ, բայց միևնույն ժամանակ իր կերպարում տեսնում եմ այն բազմաթիվ ակտիվ քաղաքացիներին-մասնագետներին, որոնք այս տարիների ընթացքում դուրս մնացին կամ հեռացվեցին պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, որոնք տարիներ շարունակ ազնվաբար պայքարել էին մարդու իրավունքների ու ազատությունների համար, պետական շահի համար, կոռուպցիոն ու անձակենտրոն կառավարման համակարգերի դեմ:

Հ.Գ. Ոչ ոքի չեմ պարտադրում իմ վերլուծությունը, ոչ ոքի չեմ պարտադրում իմ ենթադրությունները, և սիրով պատրաստ եմ լսել-կարդալ ձերը, եթե ունեք այդպիսին», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ