Պինոն հրաժարվել է Աստվածամոր տաճարին նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մեծ գումար նվիրաբերած հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն և նրա ընտանիքը հայտարարել են, որ մտադիր չեն օգտվել հարկային արտոնություններից, որը կարող են ստանալ խոշոր նվիրատվության համար:

Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ։

«Պինո ընտանիքը կարծում է, որ չպետք է պատասխանատվությունը բարդի ֆրանսիացի հարկատուների ուսերին»,-ասել է միլիարդատիրոջ որդին՝ Artemis ներդրումային ընկերության ղեկավար Ֆրանսուա-Անրի Պինոն:

Հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Պինոյի շռայլ նվիրտավությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին որոշ քաղաքական գործիչների կողմից քննադատության է արժանացել: Իսկ Ֆրանսիայի ամենահարուստ ընտանիքներից մեկը, որը Gucci-ի սեփականատերն է, հայտարարել է, որ չի օգտվի հարկային արտոնություններ ստանալու առիթից։ Այս մասին գրում է Forbes.ru-ն:

Նոր հակակապիտալիստական կուսակցության ղեկավար Ֆիլիպ Պուտուն, օրինակ, գրել էր Twitter-ում, որ միլիարդատերերի նվիրատվությունները Նոտր Դամի վերականգնմանը ոչ այլ ինչ են, քան «հարկային խարդախների մրցույթ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

Ամենաթարմ