Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակևիչը:
«Նախնական հաշվարկներով, օրինագիծն իրականացնելիս ենթադրվում է ազատ արձակել շուրջ 4,5 հազար դատապարտյալների, այդ թվում՝ ազատազրկման վայրերից՝ 1600 հոգու, որոնցից 10-ն անչափահասներ են, ուղղիչ հաստատություններից՝ 2,5 հազարին, ինչպես նաև մեկ տարով կրճատել գործնականում 4 հազար դատապարտյալների պատժաժամկետը:
Ընդամենը համաներումը կվերաբերի 8,5 հազար մարդու»,-նշել է փոխնախարարը՝ հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հանդես գալով համաներման մասին օրենքը քննարկելու ընթացքում: Այն մեջբերում է ԲալՏԱ պետական գործակալությունը: Համաներման մասին օրինագիծը Բելառուսի պատգամավորները պլանավորում են քննարկել նոյեմբերի սկզբին կայանալիք նստաշրջանում:
Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում կանցկացվի օրինագծի դրույթների նախնական քննարկումը:

