Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համատեղ գործունեության հետագա զարգացման ուղիները և նախատեսվող միջոցառումները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-չինական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ: