Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող ԲՈԿ հանձնաժողովի եզրակացությանը և կատարել հետևյալ գրառումը.
«Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ
• 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, որից հետո կազմակերպիչները որոշել են տպագրել այն նաև գիտաժողովի ներկայացրած նյութերի ժողովածուի մեջ։ Դա որոշում են բացառապես գիտաժողովի կազմակերպիչները։ Անհասկանալի նպատակներով և իրավական հիմքով արատավորվում է իմ անունը՝ կիրառելով «անբարեխղճություն» հասկացությունը։
• Մենագրություններից մեկի մասին խոսելն ավելորդ եմ անգամ համարում, բայց կարճ ասեմ․ այն, որ հայոց տնտեսագիտության հզոր ակադեմիական հանրույթը «վերապահումով» է ընդունում, առանձնապես էական էլ չէ, որովհետև դա ընդամենը մեկն է ներկայացված մենագրություններից, իսկ իմ աշխատությունների քանակը 50%-ով գերազանցում էր պահանջվող քանակությունը։
• Տնտեսաչափական մոդելի մեթոդաբանությունն ընտրելու համար ուսումնասիրել եմ ոչ միայն նշված աշխատությունը, այլև մի շարք այլ աշխատություններ։ Արդյունքում ստացել եմ առանձնահատուկ մոդել, որի ո՛չ անկախ փոփոխականները, ո՛չ կախյալ փոփոխականները չեն կրկնում եղած մոդելները, իսկ մոդելի տվյալներն ստացվել են հարցման արդյունքում (1004 մասնակից), որի փաստերն առկա են։ Տարբեր են անգամ վիճակագրական փաթեթները, որոնք կիրառվել են մոդելի արդյունքները վերլուծելիս։
• Հղումների հետ կապված խնդիրները և դրանց համակարգային պատճառները մի քանի անգամ հրապարակայնորեն ընդունել եմ և մեկնաբանել։
• ԲՈԿ-ը ինձ չի առաջարկել լինել հանձնաժողովի անդամ և առավել ևս՝ ներկայացնել դիտարկումներս։ Եղել է միայն հետևյալը․ հեռախոսային զրույցի ընթացքում ինձ ի սկզբանե ասվել է, որ երևի ճիշտ չէ իմ մասնակցությունը, ինչին ես համաձայնել եմ և չեմ առարկել։ Իսկ դիտարկումներ ներկայացնելու մասին ընդհանրապես զրույց չի եղել։ Եթե հեռախոսային զրույցի ձայնագրությունը կա, ապա ես գործընկերներիս սիրով առաջարկում եմ հրապարակել, այլապես պիտի պնդեմ, որ փաստերը խեղաթյուրված են ներկայացվել։ Վստահ եմ, որ գործընկերներս պարզապես սխալ ձևակերպումներ են տվել կայքում և կշտկեն։
• Հանձնաժողովի կազմն այնքան խնդիրներ ունի, որ ոչ միայն զարմանք է առաջացնում, այլև այն դարձնում է ոչ լեգիտիմ։ Մասնավորապես, նրանցից մեկի ընտանիքի անդամը՝ կինը, բոլորովին վերջերս չէր հաղթահարել դասախոսների մրցույթը և դատի էր տվել համալսարանին (առանց մեկնաբանությունների)։ Հանձնաժողովի անդամների մասին այլ ուշագրավ տեղեկություններ կներկայացնեմ՝ ըստ անհրաժեշտության։ Բացի դրանից, անհասկանալի է, թե որ իրավական ակտի հիման վրա է ստեղծվել հանձնաժողովը, իրավական ինչ գործընթացով է կատարվել շահերի բախում ունեցող մի քանի անդամների ընտրությունը և ինչ իրավական ուժ ունի այդ եզրակացությունը։
• Այս ամբողջը գործընթացը որևէ աղերս կունենա տրամաբանության և օրինականության հետ, եթե ստուգվեն բացարձակապես բոլոր աշխատանքները։ Ես հաստատապես պնդում եմ, որ ստուգելու արդյունքում պարզվելու է, որ իմ աշխատանքը լավագույններից է։ Խնդրում եմ ապացուցել հակառակը։
Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ այս աննախադեպ անարդարությունը միտումնավոր չէ, և համապատասխան մարմինները, խորությամբ ընկալելով խնդիրը, կընդունեն, որ շտապել են ու սխալվել»: