Ոստիկանության զորքերում ամփոփվել են 2024 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները, որոնք մեկնարկել էին նոյեմբերի 13-ին։ Ստուգումների նպատակն էր գնահատել ենթակա զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը, հայտնաբերել թերությունները և ապահովել դրանց վերացումը։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով անձնակազմի մասնակցությունը, ընդգծել է ստուգումների կազմակերպվածության և դրանց լիարժեք անցկացման կարևորությունը՝ կատարված աշխատանքները ճիշտ գնահատելու և հետագա արդյունավետությունը բարձրացնելու համար։
Հանձնաժողովը ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, կրակային, գաղափարաիրավական, հասարակական-պետական հարաբերությունների, մարտավարա-մասնագիտական, մարտավարական, ֆիզիկական, կապի պատրաստվածությունը, ինչպես նաև համազորային կանոնադրության և շարային կարգապահության վերաբերյալ անձնակազմի գիտելիքներն ու ունակությունները։
Ամփոփիչ ստուգումների արդյունքում գնահատվել են ոստիկանության զորքերի 2024 թվականի ծառայողամարտական գործունեության արդյունքները։ Ստացված տվյալների հիման վրա տրվել են կոնկրետ առաջադրանքներ՝ հաջորդ ուսումնական փուլի մեկնարկն ու ընթացքը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Այս ստուգումները կարևոր դեր ունեն ոստիկանության զորքերի պատրաստվածության մակարդակի բարձրացման և հասարակական անվտանգությունն ապահովելու համար նրանց ունակությունների կատարելագործման գործում։