Քաղաքականություն

Պոմպեոն անդրադարձել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի գործոնին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Պոմպեոն երկու երկրներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: ԱՄՆ պետքարտուղարը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է նաև Թուրքիայի գործոնին:

«Ես նախագահ Թրամփի հետ կարճ խոսել եմ այդ մասին հենց այսօր առավոտյան: Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և բազմաթիվ երկրների, որոնք ասում են, որ այս հակամարտության լուծման սկիզբը հրադադարն է: Մենք ստանում ենք տեղեկություններ քաղաքացիական անձանց շրջանում մահվան դեպքերի մասին, մենք տեսնում ենք, որ Թուրքիան սկսել է օժանդակել Ադրբեջանին: Մենք բոլոր միջազգային դերակատարներին խնդրել ենք հեռու մնալ այդ տարածաշրջանից, ոչ թե շարունակել անախորժություններ պատճառել: Մենք աշխատում ենք այդ ուղերձը տեղ հասցնել:

Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով հասնել մի արդյունքի, որով հրադադարը կգործի, մի արդյունքի, որը կհանդիսանա լուծում՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Մենք կենտրոնացած ենք այդ հարցի վրա, մենք բավական մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Անկեղծ ասած, մենք արել ենք աշխատանք, որը մեծացնում է իմ մատնանշած նպատակների իրագործման հավանականությունը», – ասել է Մայք Պոմպեոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ