fbpx
Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Օգոստոսի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ շինարարը մշտապես եղել է հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում, իսկ շինարարները մարդիկ են, որոնք մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ շինարարության ոլորտի անձնուրաց նվիրյալներն են: Հայ ճարտարապետների և շինարարների հեղինակած հրաշալի գլուխգործոցներն ուղենիշ են նոր սերնդի մասնագետների համար, որոնք ոչ միայն պետք է շարունակեն բարի ավանդույթները, այլև, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարմարավետ կենսապայմաններ ստեղծեն: Մասնավորապես կարևոր է սոցիալական ուղղվածություն ունեցող կառուցապատման ծրագրերի իրագործումը: Շինարարության ոլորտում խնդիրը հարմարավետ միջավայրի, անվտանգության, ինչպես նաև ավանդույթները հաշվի առնող ժամանակակից ճարտարապետական դիմագծի պահպանման ապահովումն է:

Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը գիտակցում է, որ շինարարական ոլորտն առողջացնելու համար շատ կարևոր է լիցենզավորման ու գնագոյացման խնդիրների կարգավորումը, ինչպես նաև փոխկապակցված պետական շինարարության մրցույթների գործընթացի հիմնովին վերանայման հարցը: Նաև անհրաժեշտ է փորձագիտական ոլորտի բարելավում, որը կապահովի վաղվա կառույցների անվտանգությունը:

Այս բոլոր հարցերի լուծումները պահանջում են թե՛ մասնագիտական միտք, թե՛ օրենսդրական փոփոխություններ և թե՛ կամք, քանի որ կապված են գործող համակարգերի վերանայման և նրանց իներցիոն հակազդեցությունների հաղթահարման հետ:

Փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանում պետք է ստեղծվի կայուն և մրցունակ շինարարական ոլորտ, ըստ այդմ՝ պետք է օր առաջ սկսենք մտածել ոլորտի տեխնոլոգիական հագեցման մասին: Այդ առումով պետք է չհապաղել ԲԻՄ տեխնոլոգիաների, այն է՝ կառույցների տեղեկատվական մոդելավորման կիրառման ներդրման գործում: Դա կարող է հանդիսանալ ամբողջ ոլորտի մրցակցային առավելությունը տարածաշրջանում:

Վերջում Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ հավակնոտ ծրագրերը, որոնք ՀՀ քաղաքաշինության կոմիտեն արդեն իրականացնում է, շինարարության ոլորտը կդարձնի մեր տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը:

Ելույթին հաջորդել է շինարարության ոլորտի գործիչների պարգևատրման արարողությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ