Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ընթացքում «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական PR-ի պատասխանատուներն են, նրան մաքրագրեցին, սրբագրեցին ու բյուրեղյա կենսագրությամբ տարան ընտրապայքարի:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է այս մեկնաբանությանը և շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը: «Ես ներողություն եմ խնդրում, բայց դա անհնար գործ է»,- ընդգծել է սիմոնյանը։
Այն դիտարկմանը, թե ձեր մոտ դա լավ էլ ստացվում է՝ նա արձագանքել է. «Այդ մարդիկ այնքան փող են ծախսում, ոչ միայն Քոչարյանին է վերաբերվում, շատ ու շատ նման մարդկանց է վերաբերվում, որոնք այսօրվա դրությամբ ավելի շատ բացասական վարկանիշ ունեն, քան դրական: Այդ մարդկանց ո՛չ այսօրվա իշխանությունը, ո՛չ վաղվա….այդ ի՞նչ հրաշք պետք է լինի, որ այդ մարդկանց հնարավոր լինի բյուրեղացնել: Այս կամ այն դատական գործը ձգելով կամ որակումը փոխելով չի, որ հնարավոր է որևէ մեկին բյուրեղացնել:
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ բոլորը շատ լավ գիտեն Մարտի 1-ի պատասխանատուներին ու մնացած բոլոր գործողությունները:
«Հիմա ուզում եք մեծ պաստառի վրա էլ գրեք, որ ինքը մեղավոր չի, ինքը պատասխանատուն է այդ ամեն ինչի, ես պնդում եմ դա: Իրավապահները, ես ձեզ վստահեցնում եմ, պատասխանատվության են ենթարկելու մեղավորներին»,- հավելել է նա։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսել էր «Իմ քայլը» խմբակցությունում այն անառողջ մթնոլորտի մասին, որ եթե ասեն՝ մածունը սև է, պիտի 88 պատգամավորներն էլ ասեին՝ սև է, այսինքն, այլ կարծիք չէին հանդուրժում:
Այս դիտարկմանը Ալեն Սիմոնյանը պատասախանել է․ «Մեր գործողությունները ավելի խոսուն են, քան որևէ մեկնաբանություն: Հաճախ տեսնում եք, որ թե՛ քվեարկությունների պարագայում, երբ թեկնածու է բերվում կառավարության կողմից, այդ թեկնածուն կարող է չանցնել, օրենսդրական նախաձեռնություն կարող է լինել: Ես զարմանում եմ՝ տիկին Թովմասյանը ինչի՞ վրա հիմնվելով է նման բան ասում: Կարծում եմ, սխալվել է տիկին Թովմասյանը, որովհետև ճանապարհը, ժամանակը այլ բան է ցույց տալիս»:
Տեսանյութը՝ Aravot Daily-ի։
