Մասնավոր ռազմական «Վագներ» կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը նկատվել է Բելառուսի օդային տարածքում։ Նա վայրէջք է կատարել մայրաքաղաք Մինսկի մոտակա Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Բելառուսական Գայուն»-ը։
«Եվգենի Պրիգոժինի բիզնես-ջեթը (գրանցման համարը՝ RA-02795) վայրէջք է կատարել Մինսկի մերձակայքում գտնվող Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում ժամը 07:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ տելեգրամյան ալիքներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում։
Նշվում է նաև, որ Կրեմլամետ ալիքները հայտնել են, որ «Վագներ» ՄՌԿ ստորաբաժանումները կանոնավոր սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ միասին մտել են Բելառուսի տարածք», սակայն մինչ այժմ բելառուսցիներից ոչ ոք չի տեսել «Վագներ»-ի շարասյունը: